ՀՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում կիրականացվեն 110 մլրդ դրամի ծրագրեր: Այդ մասին ասվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Երևանում կայացած ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհրուրդների համատեղ նիստում:
«Որոշվել է հանդես գալ այսպիսի առաջարկությամբ՝ Արցախում մոտ 110 միլիարդ դրամի բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Ընդ որում, առաջարկը հետևյալն է՝ ծրագիրն իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով և ծրագիրը ֆինանսավորել հետևյալ համամասնությամբ. այս պահին հիմնադրամի հաշիվներում կա վերջին դրամահավաքի արդյունքներով գոյացած մոտ 58 միլիարդ դրամ և Հայաստանի կառավարությունը կտրամադրի 52 միլիարդ դրամ: Այսինքն կունենանք 110 միլիարդ դրամանոց դրամագլուխ, որով և կիրականացնենք բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների ծրագիրը։
Եվս մի քանի որոշումներ ենք կայացրել, որոնցով, ըստ էության, ոչ միայն պետք է իրագործենք 2020 թվականի նոյեմբերի 18-ին իմ կողմից հրապարակված «ճանապարհային քարտեզի» դրույթը, այն է՝ Արցախի բնականոն կյանքի վերականգնման վերաբերյալ, այլև պետք է զարգացման ծրագրեր իրականացնենք Արցախում, որպեսզի ունենանք սոցիալտնտեսական զարգացման բավարար, բարձր տեմպեր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ 110 մլրդ դրամ հատկացնելու մասին որոշումն առանցքային նշանակություն է ունենալու Արցախի հումանիտար խնդիրների կարգավորման ու հետագա զարգացման գործում:
«Մոտ 4000 տուն կառուցելու նախնական նախագծեր, որոշակի աշխատանքներ, պլանավորում արդեն կատարված է, և առաջիկա ամիսների ընթացքում ևս 2000 տուն կառուցելու նախագծեր կմշակենք: Այդ նախագծերում միշտ հաշվի ենք առնում այսօրվա իրականությունը, զուգահեռ պլանավորում հողահատկացման, բնակիչների հետագա զբաղվածության ապահովման աշխատանքները, քննարկում ենք նաև կոոպերացիայի ժամանակակից մոդելներ»,- ասել է Արցախի նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ համահայկական ջանքերով կիրականացվեն օրակարգային առաջնահերթության բոլոր հարցերը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՀՀ միջև կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա որպես նվիրաբերություն պետությանը փոխանցվել է 52,7 մլրդ դրամ՝ ռազմական դրությամբ պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով: