AM
26 Մարտ 2021 - 10:06 AMT

Զոհրաբյանը Վենետիկի հանձնաժողով է ուղարկել Սիմոնյանի օրինագիծը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Վենետիկի հանձնաժողով է ուղարկել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ զրպարտության և վիրավորանքի համար պատիժը խստացնելու մասին օրինագիծը: Այդ մասին ասել է ինքը՝ պատգամավորը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ խորհրդարանը հավանություն էր տվել Քաղաքացիական օրենսգրքում Սիմոնյանի առաջարկած փոփոխություններին, որոնք ենթադրում են վիրավորանքի փոխհատուցման չափը 1 մլն դրամից հասցնել 3 մլն-ի, իսկ զրպարտության դեպքում ՝ 2-ից 6 մլն-ի:

«Սիմոնյանի նախագիծն ուղղված է խոսքի ազատության դեմ, այն պրեսսինգ է լրատվամիջոցների, քաղաքական գործիչների, քաղաքացիների վրա, որ կաշկանդված լինեն իրենց խոսքն արտահայտելիս։ Սահմանված փոխհատուցումները տրամաբանական չեն և միայն մեկ նպատակ ունեն` լռեցնել բոլոր ընդդիմախոսներին», – ասել է պատգամավորը։

Զոհրաբյանը հավելել է, որ խորհրդարանի կողմից օրինագծի հավանության արժանանալուց հետո այն ուղարկել է ԵԽԽՎ Մարդու Իրավունքների հանձնակատարին, տարբեր իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններին: Նա անհրաժեշտ է համարում արձագանքել երկրում խոսքի ազատությունը ճնշելու իշխանության փորձին։

Մինչ փոփոխությունների ընդունումն օրենքով վիրավորանքի համար սահմանված էր մինչև 1 մլն դրամ տուգանք, զրպարտության` 2 մլն: Ավելի վաղ Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին` նշելով, որ պետք է տուգանքի չափը նվազեցվի: