Սահմանադրական դատարանը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն անվավեր է ճանաչել, ինչը նշանակում է, որ դադարեցվելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնումը, հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Ափսոս, որ 2021 թվականին միայն պետք է այս ամենն արձանագրվեր, բայց այսօր արձանագրվեց, և բարձր դատարանը գտնվեց իր բարձունքի վրա։ Սա նշանակում է, որ 300.1 հոդվածով, ինչպես ի սկզբանե չէր կարող լինել քրեական հետապնդում, այդպես էլ այդ հետապնդումը դադարեցվելու է։ Սահմանադրական դատարանի որոշումը մտնում է ուժի մեջ հրապարակման պահից, որոշումը կհրապարակվի 3-օրյա ժամկետում։ Սա նշանակում է, որ Քրեական օրենսգրքում 300.1 հոդված չկա», – նշել է Քոչարյանի պաշտպանը, փոխանցում է Factor.am-ը։
Մարտի 26-ին հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1- հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ որոշումը: Ըստ այդ որոշման` ՔՕ հոդվածը ճանաչվել է սահմանադրությանը հակասող և անվավեր։
ՀՀ երկրորդ նախագահն անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործով: Նրան երեք անգամ կալանավորել են։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան Քոչարյանին գրավի դիմաց ազատ էր արձակել։
Քոչարյանի գործով ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։
ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը 2008-ի մարտի 1-ին չկար։ Այն որպես լրացում ավելացվել է 2009-ի մարտին։






