Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի՝ դիմակ չկրելու տուգանքների համաներման առաջարկը, այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարել է ինքը՝ Եղիազարյանը։
Պատգամավորը Կառավարության մերժումը որակել է որպես «քաղաքացիների նկատմամբ հերթական անտարբերության դրսևորում»։
«Այսօր կառավարությունից ստացել եմ մերժում, անկախ այն հանգամանքի, որ տուգանքները կիրառվել են քաղաքացիների հիմնարար իրավունքների խախտումներով (առկա են բազմաթիվ դատական ակտեր): Կառավարությունը առաջարկում է, որ իրենց կողմից օրենքի էական խախտումներով կիրառված տուգանքները քաղաքացիները վիճարկեն դատական կարգով»,-գրել է նա։
Պատգամավորը հիշեցրել է, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում դիմակներ չկրելու տուգանքների համաներման համար դիմել էր 2021-ի փետրվարին։ Կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար՝ Կառավարությունը 10,000 դրամ տուգանք էր սահմանել դիմակ չկրելու կամ այն սխալ կրելու դեպքում։






