AM
27 Մարտ 2021 - 09:41 AMT

«Մեդիա դիֆենսը» հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ ԼՂ-ում լրագրողներին հրետակոծելու գործով

Մարտի 26-ին Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի 4 քաղաքացու անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան (ՄԻԵԴ)՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

Դիմողները՝ վիրավորում ստացած երեք լրագրողնը և լրագրողներից մեկի սպանված ուղեկցորդի եղբայրը, պնդում են, որ այս հարձակման արդյունքում Ադրբեջանը խախտել է նրանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները։

Հրետակոծությունը տեղի էր ունեցել 2020թ․ հոկտեմբերի 1-ին, երբ Մարտունի քաղաքի կենտրոնը կարճ ժամանակահատվածում խոցվեց մոտ 40 հրթիռով։ Չորս հոգի սպանվեց, կային ծանր վիրավորներ։ Նույն օրը, ավելի ուշ ադրբեջանական կառավարությունը, հղում անելով հրետակոծությանը, մեղադրեց Հայաստանին՝ լրագրողների կյանքը վտանգելու և միջազգային իրավունքը խախտելու մեջ։

Դիմողները պնդում են, որ Ադրբեջանը Մարտունու ռմբակոծման ընթացքում խախտել է իրենց կյանքի և ազատ արտահայտման իրավունքները, որոնք պաշտպանվում են Կոնվենցիայի 2-րդ և 10-րդ հոդվածներով։

Դիմողներին դատարանում ներկայացնում են «Մեդիա դիֆենսից» Փադրեյգ Հյուզը և Կառլոս Գայոն, ինչպես նաև հայաստանյան իրավաբան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։