Իշխանությունը մի նախագիծ ունի, որով նախատեսում է Երևանի բուհերի շենքերը հանել վաճառքի, ստացված գումարով էլ մայրաքաղաքից դուրս կառուցել ակադեմիական քաղաք, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, թե բուհերում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կապված են թե «ֆիզիկական ենթակառուցվածքի, թե բովանդակության հետ»։
«Եվ մենք ունենք այսպիսի գաղափար, որ Երևան քաղաքից բոլոր կամ եթե ոչ բոլոր, առնվազն բուհերի մեծամասնությունը, քանի որ շենքերը գտնվում են կենտրոնում, հանենք վաճառքի, ձևավորված գումարներով Երևանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինի մեր բուհական, դասախոսական, գիտական պոտենցիալը։ Եվ այս երեխաներն այդ բարեփոխված դպրոցից հնարավորություն ունենան գնալ այդ բարեփոխված բուհական համակարգ։ Այսօր մեր բուհերում, ասում են, նույնիսկ շենքային պայմաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին»,- հայտարարել է Փաշինյանը։
Փաշինյանը մարզային այցով Արմավիրում է եղել, այս հայտարարությունն արել է Արագած համայնքում։






