Գլխավոր դատախազությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումը Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով, փոխանցում է Aysor.am-ը։
Դիմումն ուղարկվել է Քրեական ոստիկանություն։
Պետրոյսանը Գասպարյանի գործով դատավորն է։ Դատավորը ԲԴԽ էր դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱԱԾ աշխատակիցներն այցելել են Մհեր Պետրոսյանին և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։ Վարչական դատարանը` Պետրոսյանի նախագահությամբ, ավելի վաղ բավարարել էր Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել վերջինիս պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
Մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհուրդը ստացել է Պետրոսյանից դիմում, ապա կազմակերպվել քննարկում:
Քննարկումից հետո ԲԴԽ-ն ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի պատճենը՝ ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակում դիմումում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:






