AM
29 Մարտ 2021 - 08:42 AMT

ԱԱԾ․ Ոստիկանության մայորը կաշառք է ստացել, կալանավորված է

Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ մայորն իր հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների բաժնում քննվող քրգործով վկայից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.1 մլն դրամին համարժեք՝ $4000 կաշառք:

Վկան դրանից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ապա արդեն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում նույն օրը պայմանավորված կաշառքի գումարից $2000-ը փոխանցել է մայորի մատնանշած անձին։

2021 թվականի մարտի 24-ին ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել, ապա՝ ձերբակալել կաշառքի միջնորդություն արած անձին և մայորին։

Քրգործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ որոշվել է ոստիկանության ծառայողին և նրան օժանդակողներին ՔՕ համապատասխան հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավել: Մայորը և նրան կաշառք վերցնելու հարցում օժանդակած ևս մեկ անձ կալանավորվել են, մյուս երկուսը՝ ոչ։