AM
29 March 2021 - 09:30 AMT

ԱԳՆ․ Տեղյակ չենք Անկարայի հետ որևէ խորհրդակցությունների ձևաչափից

Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որում կարող են պաշտոնական Անկարայի հետ խորհրդակցություններ լինել, հայտարարել է նախարար Արա Այվազյանը։

Նա հիշեցրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին գործընթացը Ցյուրիխյանն է եղել, ու այն կասեցվել է Թուրքիայի կողմից։ Նախարարը նշել է, որ խաղաղությունն ու հաշտեցումը միայն գեղեցիկ բառեր չեն ու տարածաշրջանում իրապես խաղաղություն ունենալու համար հայկական կողմն ակնկալում է, որ Թուրքիան «լուրջ, արմատական փոփոխությունների կենթարկի ՀՀ-ի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը և կվերացնի թշնամական գործողությունները»:

«Պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ երկար ժամանակ ծանր ողբերգական անցյալ ունեցող երկրները, ի վերջո, գտել են քաղաքական կամք և հասկացել բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտությունը։ Հուսով եմ, որ Թուրքիան այդ գիտակցմանը, վաղ թե ուշ, կգա։ Այնպես որ, չեմ կարծում, որ Թուրքիան երբեք չի փոխի հայատյացության իր կեցվածքը», – ասել է նախարարը։

Այվազյանը պատասխանել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին՝ մանրամասնելով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ քննարկումների ու դիտարկումների արտաքին գերատեսչության մոտեցումը։