Դաշնակցականները բողոքի ակցիա են իրականացրել Անվտանգության խորհրդի շենքի մոտ՝ այրելով Թուրքիայի դրոշը։ Ցուցարարների համոզմամբ՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները թշնամու հանդեպ մոտեցումները վերանայելու անհրաժեշտության մասին նպատակ ունեն խոչընդոտելու Ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթացը։
Նրանք հիշեցրել են, որ դեռ 2 տարի առաջ ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշն այրելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից մեկը սպառնացել էր, որ քրեական գործ պետք է հարուցել, տեղեկացնում է Yerkir.am-ը։
Ցուցարարները նշել են, որ այրում են դրոշը ոչ թե Թուրքիային ինչ-որ բան ցույց տալու, այլ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Նիկոլ Փաշինյանի նյարդերի հետ խաղալու համար։
«Անհնար է լինելու մոռացության մատնել հայության հիշողությունը․ այստեղ կանգնած ոստիկաններից շատերի նախնիները Ցեղասպանության զոհերի թվում են»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրանք նշել են նաև, որ ապրիլի 23-ին ջահերը «նորից բարձրանալու են Ծիծեռնակաբերդ, այնտեղ էլ է վառվելու Թուրքիայի դրոշը»։
Ավելի վաղ Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե «մենք Թուրքիային թշնամի համարո՞ւմ ենք, թե՝ ոչ», ասել է․ «Թուրքիայի հանդեպ մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։






