Ադրբեջանցիները գողացել են շուռնուխցի Գավրուշ Հակոբյանի 13 մայր կով ու քշել Ադրբեջան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Շուռնուխցի Գավրուշ Հակոբյանի անասնագոմը գտնվում է Շուռնուխից Կապան ճանապարհի 500 մետրի վրա։ Հայտնի GPS-յան գծագրումով գոմերից մի քանի մետր այն կողմ արդեն դիրքավորված թուրքն է։ Մարտի 26-ին ադրբեջանցիները գողացել են Գավրուշի 13 մայր կովին ու քշել դեպի ադրբեջանական Սեյթազ գյուղ։
Անասունների հետքերով ֆերմերի որդին, ռուս խաղաղապահների հետ գնացել է այդ գյուղը, որտեղ ասել են՝ հա, կտանք ձեր անասուններին ու էդպես էլ մինչ օրս չեն վերադարձրել։
Թուրքի հետ նոր խաղաղասիրական դոկտրին մշակող իշխանության Սյունիքի մարզպետարանից Գավրուշին ասել են՝ հանգիստ նստի տեղդ, ոչինչ մի ձեռնարկի, մենք ռուսներին տեղեկացրել ենք։ Այսինքն, իրենք առ ոչինչ են, ու իրենց միակ գործառնական հույսը ռուս խաղաղապահն է»,- ասվում է գրառման մեջ։
Պատգամավորը նշում է, որ այդ ֆերման շուռնուխցի Գավրուշի մեծ ընտանիքի ապրուստն էր, որը թուրքը տարել է։
«Բայց, կարևորը՝ մենք այլևս թուրքի հանդեպ մեր թշնամական դիտակետը պիտի փոխենք։ Հիմա ես չգիտեմ՝ Սյունիքի մարզպետը ևս գելխեղդ է, թե՝ ոչ, բայց հուսամ գոնե կփորձեն ինչ-որ քայլեր ձեռնարկել շուռնուխցի ֆերմերին օգնելու համար»,-գրել է Զոհրաբյանը։
ԲՀԿ-ական պատգամավորը տեղեկացրել է, որ դիմել է նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։
Մարտի լույս 29-ի գիշերը ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։
Մարտի 25-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից, ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաներին, ինչի հետևանքով վնասվել է Լենդրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակին: Միջադեպից հետո Բաբայանը և նույն ճանապարհով ընթացող մեկ այլ վարորդ փակել են միջշրջանային ճանապարհը, կանգնեցրել շարասյունը և բացատրություն պահանջել ռուս խաղաղապահներից, ինչպես նաև ադրբեջանցի պատասխանատու սպայից։ Խաղաղապահ զորակազմն այս հարցով արդեն զբաղվում է: Ըստ ռուսական կողմի՝ խնդիրը ոչ միայն վնասի փոխհատուցումն է, այլ այսուհետ նմանօրինակ դեպքերի բացառումը:։