AM
30 March 2021 - 09:31 AMT

ՄԻՊ․ Ադրբեջանական տեղակայումներն ընթացել են միջազգային պահանջների զանգվածային խախտումներով

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ֆեյսբուքյան իր էջում ներկայացնելով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների ու բնականոն կյանքի երաշխավորման գործոնները, նշել է, որ ադրբեջանական տեղակայումներն ընթացել են միջազգային պահանջների կոպիտ ու զանգվածային խախտումներով։

Նա նշել է, որ Սյունիքի կամ Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները Խորհրդային Հայաստանի կամ Ադրբեջանի սահմաններով` 1970-ական, 1980-ական, 1940-ական թվականների (լինի, օրինակ, 1975-1976 թթ., 1985թ., 1942թ.) կամ այլ քարտեզներով և GPS-ի տվյալներով հիմնավորել չի կարելի:

Նշվում է նաև, որ որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել և առավել ևս միջազգային որևէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել:

«2) Խորհրդային միությունում տեղի ունեցածը եղել է ոչ թե երկու ինքնիշխան պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների որոշում, այլ մեկ ինքնիշխան պետության՝ ԽՍՀՄ-ի ներսում երկու սուբյեկտների միջև սահմանների վարչական բնույթի բաժանում: Խորհրդային քարտեզները միայն այդ մասին են: Ի դեպ, ինչո՞ւ 1920-ական թթ. քարտեզները սահմանների այս օրերի գործընթացի հետ կապված չեն վկայակոչվում:

3) ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացը վարչատարածքային բաժանման հետ կապել չի կարելի: Այդ երևույթները միանգամայն տարբեր են:

4) ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացում Հայաստանի առաջին հանրապետության սահմաններն ու քարտեզներն անտեսվել չեն կարող: Սա պահանջում ՀՀ քաղաքացիների, ՀՀ բնակչության իրավունքների իրական երաշխավորման հրամայականը:

5) Ադրբեջանական այսօրվա տեղակայումներն ընթացել են միջազգային, այդ թվում՝ մարդու իրավունքների պահանջների կոպիտ ու զանգվածային խախտումներով, պատերազմի և ուժի իրական սպառնալիքի ներքո և ադրբեջանական բացահայտ ցեղասպան քաղաքականության պայմաններում:

6) Պետական սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակիչների բնականոն կյանքը կամ առաջացնել պետության քաղաքացու իրավունքների և օրինական շահերի, այդ թվում՝ կյանքի ու ֆիզիկական անվտանգության, երեխաների անվտանգ ապրելու, սեփական հողը մշակելու, ջրային պաշարներից, արոտավայրերից ու խոտհարքներից լիարժեք օգտվելու և այլ իրավունքներ»,-ասվում է գրառման մաջ:

Թաթոյանը նշել է, որ այս կետերը ՀՀ քաղաքացիների, սահմանային բնակիչների իրավունքների ու բնականոն կյանքի երաշխավորող հիմնական գործոններից են:

44-օրյա պատերազմի հետևանքով սահմանամերձ է դարձել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի 39 բնակավայր։