Հայկական կողմն ունի հավաստի տեղեկատվություն, որ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում մոտ 4000 հայկական վանք և մշակութային հուշարձան գտնվում է ոչնչացման իրական վտանգի ներքո: Այդ մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ասել է ՀՀ-ում Ղազախստանի նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին և նշել, որ հայկական կողմն ակնկալում է առաջադեմ մարդկության աջակցությունը: ԿԳՄՍ նախարարը հույս է հայտնել, որ Ղազախստանի կառավարությունն այդ հարցը կպահի իր ուշադրության կենտրոնում:
Նախարարը կարևորել է հայ-ղազախական միջբուհական գործակցության կայուն զարգացման հնարավորությունը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանի 10 առաջատար բուհ արդեն իսկ գործակցում են Ղազախստանի գործընկեր կառույցների հետ: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ ՀՀ բուհերում սովորում է Ղազախստանի մոտ 40 քաղաքացի՝ ակնկալելով, որ նրանց թիվը կավելանա:
Դումանյանը գիտության ոլորտում գործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել: Նախարարը շեշտել է Ղազախստանում անցկացվող Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայի կարևորությունը, որն ամեն տարի տեղի է ունենում մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ոլորտներում։
Նախարարը կարևորել է նաև երկու երկրի միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացման, ինչպես նաև սպորտի ոլորտում համատեղ մարզական հավաքների և միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:
Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին նշել է, որ մեծ պատիվ է դեսպան լինել Հայաստանի պես հինավուրց երկրում և հայ-ղազախական կապերն առավել ամրապնդելու պատրաստակամություն հայտնել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին առնչվող մի շարք այլ հարցեր:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Մեխակավանի եկեղեցին։ BBC-ի տեսանյութում նշվում է, որ ադրբեջանցիներն ամբողջությամբ ավերել են եկեղեցին և հիմա դրա տեղում ոչինչ չկա։ Ասվում է նաև, որ եկեղեցին չէր տուժել մարտական գործողությունների ընթացքում և ավերված չէր այն պահին, երբ անցել է Ադրբեջանի հսկողության տակ։






