Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպմանը քննարկել են գերության մեջ հայտնվածների ազատ արձակման և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ եկեղեցու կողմից ձեռնարկվող միջոցների հարցը։
Նրանք հանգամանորեն քննարկել են գրավված և հանձնված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, սրբավայրերի պղծման և ոչնչացման փաստագրված միջադեպերը, տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:
Անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին և հետպատերազմյան հետևանքներին՝ կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները կշարունակեն իրենց ջանքերը տարածաշրջանում կայունության հաստատման և ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդար կարգավորման ուղղությամբ։
Վեհափառն ի դեմս դեսպանի իր գնահատանքն է փոխանցել ԱՄՆ իշխանություններին՝ համավարակի պայմաններում և հատկապես պատերազմյան ու հետպատերազմյան շրջանում դեսպանատան միջոցով Հայաստանին և Արցախի ժողովրդին ցուցաբերվող հումանիտար աջակցության համար։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել համավարակի պայմաններում եկեղեցու իրականացրած ծրագրերին և ազդեցություններին։ Խոսվել է պատերազմի ընթացքում Էջմիածնի և թեմերի կողմից ցուցաբերված աջակցության, ինչպես նաև զինծառայողների և Արցախից տեղահանված ընտանիքների հոգևոր խնամքի մասին։ Վեհափառի կողմից տեղեկություններ են փոխանցվել առ այսօր շարունակվող սոցիալական աջակցության ծրագրերի, զոհված և անհետ կորած զինվորների ընտանիքների հետ տարվող հովվական աշխատանքի վերաբերյալ։
Ադրբեջանում պահվող հայ գերիների ստույգ թիվը հայտնի չէ։ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Ադրբեջանում ամենամոտավոր հաշվարկներով 200-ից ավելի գերավարված հայ կա, այդ թվում՝ կանայք։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Մեխակավանի եկեղեցին։ BBC-ի տեսանյութում նշվում է, որ ադրբեջանցիներն ամբողջությամբ ավերել են եկեղեցին և հիմա դրա տեղում ոչինչ չկա։ Ասվում է նաև, որ եկեղեցին չէր տուժել մարտական գործողությունների ընթացքում և ավերված չէր այն պահին, երբ անցել է Ադրբեջանի հսկողության տակ։






