2021թ.-ի մարտի 15-ի դրությամբ Արցախում պատերազմական ռազմագործողություններով պայմանավորված՝ զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, Հայաստանի փոխադրման, բազմաթիվ դեպքերի առթիվ մարտի 15-ի դրությամբ հարուցվել է 95 քրեական գործ, 39 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ ՝ ՔՕ 235-րդ հոդվածի տարբեր մասերի և 238-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:
Նշված քրեական գործերից 14-ով վարույթը կասեցվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը հայտնի չլինելու, պարզված չլինելու հիմքով, իսկ 13 քրեական գործով վարույթը կարճվել է: 63 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Մեղադրյալներից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 26-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը, 2-ի նկատմամբ՝ գրավը, 2-ի նկատմամբ՝ հրամանատարության հսկողության հանձնելը:
4 քրգործ 6 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից 3-ով 5 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Վերջիններիս նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկումը 2 անձի դեպքում՝ 1 տարի ժամկետով, 2 անձի դեպքում՝ 2 տարի ժամկետով, 1 անձի դեպքում՝ 4 տարի ժամկետով:
Հայտնաբերվել և առգրավվել են հիմնականում «ԱԿ74», «ԱԿՄ», «ԱԿ-ՍՈւ» և այլ տեսակի ինքնաձիգներ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին դանակներ, նշանակետի խոցման բարձր հավանականություն ունեցող օպտիկական սարքերով հրազեններ, օպտիկական սարքերով համալրված հակատանկային նռնականետեր, արկղերով տարբեր տրամաչափի փամփուշտներ, մարտավարական և տեխնիկական հատկանիշներով զգալի ավերածություններ առաջացնող, խոցման բարձր հավանականություն ունեցող պայթուցիչներ, տարբեր տիպի նռնակներ, շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ առարկաներ:
Վերջիններս պատերազմի օրերին, ինչպես նաև դրանից հետո ՀՀ տարածք են փոխադրվել՝ հիմնականում թաքցվելով ավտոմեքենաներում: Ապօրինի կերպով ձեռք բերված և փոխադրվող զենք-զինամթերքի զգալի մասը հայտնաբերվել է հիմնականում Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի տարբեր հատվածներում։
Դատարանում գտնվող 1 գործով դատաքննությունը շարունակվում է։






