AM
31 Մարտ 2021 - 14:27 AMT

«Փաստինֆո»․ Վաչագան Ղազարյանի նկատմամբ վարույթը կարճվել է՝ համաներում է կիրառվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներում է կիրառվել, վարույթը կարճվել է։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Մհեր Հակոբյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Ավելի վաղ Վաչագան Ղազարյանին նոր մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Ըստ նախաքննական մարմնի՝ Ղազարյանը, պետական միջոցները սեփական ընտանիքի շահերին ծառայեցնելու և այդ ուղղությամբ սեփական միջոցներից լրացուցիչ ծախս չկատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է` ԱԱԾ պետպահպանության ծառայության ավտոտնտեսության վարորդ Ս. Ա.-ին առաջարկել է պետական միջոցներից վարձատրություն ստանալով հանդերձ աշխատել որպես իր կնոջ և տան վարորդ:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ս. Ա.-ն 2015-2018 թթ․ ընթացքում վարորդի ծառայություններ է մատուցել Վ. Ղազարյանի կնոջը, ինչով պայմանավորված՝ հիշյալ ժամանակահատվածում ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսությունում առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական որևէ պարտականություն չի կատարել: Չնայած դրան` Պետական պահպանության ծառայությանը հատկացված միջոցներից այդ ընթացքում Ս. Ա.-ին որպես աշխատավարձ, պարգևատրում և իրային բավարարում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 9.3 մլն դրամ, որը Ղազարյանի կողմից ամբողջությամբ վերականգնվել է:

Նշվում է, որ թեև գումարը վերականգնվել է, այդուհանդերձ, Ղազարյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ գումարը վճարել է միայն այն պատճառով, որ իրեն «հանգիստ» թողնեն։ Մեղսագրվող արարքի վրա համաներում է տարածվում և Ղազարյանը դեմ չի եղել, որ համաներում կիրառվի և քրեական հետապնդումը դադարեցվի, սակայն քննիչը դա դիտարկել է որպես միջնորդություն և հետաձգել դրա լուծումը, ավելին՝ քննիչը չէր նշել, թե ինչ հանգամանքներ պարզելու համար է հետաձգել այն, որևէ լուծում չկար։

Փաստաբանը դատական կարգով բողոքարկել էր Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներման հիմքով քրհետապնդումը դադարեցնելու հարցի քննարկումը հետաձգելու որոշումը, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի կողմից բավարարվել էր տարեսկզբին։ Դատարանի այդ որոշումից հետո վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնել։

2018-ի հունիսին Ղազարյանն ապօրինի հարստացման մեղադրանքով ձերբակալվել էր և ազատ արձակվել 1 մլրդ դրամ գրավի դիմաց։ Նոյեմբերի 15-ին նա կրկին կալանավորվեց, սակայն դեկտեմբերին Վաչագան Ղազարյանը 50 մլն դրամ գրավով ազատ արձակվեց։ Նա մեղադրվում էր փողերի լվացում կատարելու մեջ։