AM
31 Մարտ 2021 - 14:44 AMT

Սիմոնյան․ Ճիշտը «Քաղաքացիական պայմանագիր» անվամբ ընտրությունների գնալն է

ԱԺ փոխխոսնակ, իմքայլական Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով խորհրդարանական արտահերթ առաջիկա ընտրություններին, կարծիք է հայտնել, թե դրանց ճիշտը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անվամբ մասնակցելն է:

Նա հավելել է, որ պատրաստվում են ընտրություններին, աշխատանքները սկսվել են, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նա չի բացառել, որ իրենց ընտրացուցակում հնարավոր է նոր անուններ լինեն:

«Կան պատգամավորներ, որոնք լքեցին «Իմ քայլը», բնական է, որ իրենց հետ այլևս աշխատելն անհնար եմ համարում: Անգամ այսօր այստեղի նրանց աշխատանքը համարում եմ, մեղմ ասած, ոչ լեգիտիմ», – ասել է Սիմոնյանը։

Նա նշել է նաև, որ իր գործընկերների մեծ մասը շարունակելու է աշխատանքը, մի մասը կարող է գործադիրում շարունակել:

«Ցնցումներից հետո կուռ մնացած թիմը շարունակելու է աշխատել»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։