Արցախի հերոս, Հայաստանի զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Արտուշ Թադևոսյան) մահվան կապակցությամբ հանձնաժողով կստեղծվի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնաժողով ստեղծելու և անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։
Հանձնաժողովը կնախագահի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը կյանքից հեռացել է մարտի 31-ին։
Խորհրդային բանակի կազմում Տեր-Թադևոսյանը ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։
Պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանով։






