AM
1 Ապրիլ 2021 - 13:03 AMT

Նախարար․ AstraZeneca-ի պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների պատճառահետևանքային կապն ապացուցված չէ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Հայաստան ներմուծված` կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի 24,000 դեղաչափն արդեն ապրիլի 5-ին կհասնի երևանյան և մարզային պոլիկլինիկաներ։

Արձագանքելով այն դիտարկմանը, որ շատ երկրներ սառեցրել են AstraZeneca-ի կիրառումը դրա կողմնակի ազդեցության պատճառով՝ նախարարը նշել է, որ պատվաստանյութով պայմանավորված կողմնակի ազդեցությունների պատճառահետևանքային կապն ապացուցված չէ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«AstraZeneca-ն և բոլոր այն պատվաստանյութերը, որոնք միջազգային մասնագիտական կառույցների կողմից տրված եզրակացություն ունեն, որ ունեն արդյունավետություն, անվտանգություն, բավարարում են բոլոր սահմանված չափանիշներին, մենք դրանք կիրառելու ենք։ Մի շարք երկրներ հրաժարվել են որոշակի խմբաքանակի օգտագործումից ժամանակավորապես, մի շարք երկրներ նորից են սկսել, մի շարք երկրներ էլ ընդհանրապես չեն հրաժարվել»,-ասել է նա։

Ավանեսյանը հավելել է, որ մինչև պատվաստուների մեկնարկը պոլիկլիլնիկաների բժիշկների հետ վերապատրաստման դասընթացներ են իրականացվում։ Նախարարի խոսքով, ստուգվում են առաջին օգնության բժշկական պայուսակների պարունակությունը, կատարվում համալրումներ և այլն։

Նա տեղեկացրել է նաև, որ շաբաթվա ընթացքում լրացուցիչ ևս 300 մահճակալ կավելացվի կորոնավիրուսով հիվանդների համար։ «Մահճակալները անվերջ չեն, և ներկայումս հիմնականում այն պացիենտները, ովքեր որ կարիք ունեն հոսպիտալացման, կարիք ունեն թթվածնի և հոսպիտալացվում են միայն հիվանդանոցային պայմաններում»,-ասել է նա։

Նախարարի խոսքով, թոքերի արհեստական շնչառության սարքերի քանակն այս պահի դրությամբ բավարար է։ Նա նշել է, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանը լրացուցիչ 15 կայան ու սարքավորում է գնել, այսինքն մոտ 3000 մահճակալ ապահովված է թթվածնային սարքով։

Անդրադառնալով հայկական արտադրության նման սարքերի կիրառման հավանականությանը՝ Ավանեսյանն ասել է, որ եթե հավաստվի դրանց անվտանգություննը ու արդյունավետությունը, կօգտագործվեն։ «Ես չեմ կարող ասել ինչքան կտևի սերտիֆիկացման գործընթացը, բայց մեր բժիշկներն էլ համատեղ իրենց հետ աշխատում են»։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Հակոբ Արշակյանը երեկ մինչև հրաժարական ներկայացնելն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ պատրաստ են կլինիկական փորձարկումների, սերտիֆիկացման և արտադրության համար։