AM
1 Ապրիլ 2021 - 14:01 AMT

Կոմանդոսի հոգեհանգիստը` ապրիլի 2-ին` Համալիրում

Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, լեգենդար զորահրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 2-ին՝ ժամը 18.00-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ապրիլի 3-ին՝ ժամը 11.00-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգևոր արարողակարգ, տեղեկացնում է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը։

Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում, ապրիլի 3-ին՝ ժամը 13.00-ին:

Տեր-Թադևոսյանը կյանքից հեռացել է մարտի 31-ին։

Խորհրդային բանակի կազմում Տեր-Թադևոսյանը ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։

Պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանով։