«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշում չունի, բացառվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիան, եթե նրանցից մեկը վարչապետ ընտրվի, հայտարարել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։
«Եթե էս երկրում համերաշխություն չեղավ, մենք չենք կարող բանակը վերականգնել, փախստակաների, հաշմանդամների խնդիրները լուծել», –ասել է նա՝ կարևորելով համերաշխ մթնոլորտի հաստատումը։
Մարուքյանի խոսքով`պետք է բացառվի, որ վարչապետ լինի Փաշինյանը և նախկին իշխանության որևէ ղեկավար:
«Արտահերթ ընտրություններին 20 ուժ է մասնակցում, այսինքն` ձեր կարծիքով ժողովուրդը կրա՞կն է ընկել Նիկոլ Փաշինյանի և նախկինների ձեռը: Հետո «Լուսավոր Հայաստանը» պրոքսի ուժ չի, որ մասնակցի ինչ-որ մեկին կպնի: Մենք մասնակցում ենք, որ գանք առաջ»,-ասել է նա:
Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։






