AM
5 Ապրիլ 2021 - 06:54 AMT

Բաբաջանյանն առաջարկում է կասեցնել սահմանադրական կարգի դեմ կոչեր անող կուսակցությունների աշխատանքը

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է կասեցնել այն կուսակցությունների գործունեությունը, որոնք սահմանադրական կարգի դեմ ուղղված կոչեր կանեն։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ խոսքի ազատության իրավունքն անսահմանափակ չէ։

Նշված է նաև, որ գործող օրենսդրությամբ լիարժեքորեն կարգավորված չէ կուսակցական քարոզչության ընթացքում կամ հրապարակային խոսքում սահմանադրական կարգը վտանգող գաղափարների տարածման հարցը և առաջարկվում է կասեցնել այն կուսակցությունների գործունեությունը, որոնք կքարոզեն Սահմանադրության 1-5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված նորմերի խախտում։

Խոսքն իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված կոպերի մասին է, որոնք կասեցման հիմք կարող են լինել։

Առաջարկվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել մեղավորների համար:

Օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի կանոնակարգել հանրային դիսկուրսում խոսքի և կարծիքի արտահայտման ազատության սահմանադրման և որոշարկման հիմնախնդիրը։