AM
5 Ապրիլ 2021 - 07:58 AMT

Մանկավարժահոգեբանական ծառայություններն ավելի մատչելի կդառնան․ ԿԳՄՍՆ-ի նախագիծը

Մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրումը նախատեսվում է ավելի մատչելի դարձնել։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգում» փոփոխությունների մասին կառավարության որոշման նախագիծը։

Ըստ դրա՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման ավելացում է նախատեսվում:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև ապրիլի 15-ը կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախագծի ընդունումը նպատակ ունի նաև շարունակական աջակցություն տրամադրելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին՝ համաձայն անհատական ուսուցման պլաններով սահմանված աջակցության ժամանակցույցի և ծավալի, որի ընթացքում անհատական ուսուցման պլանով աշխատելու գործընթացից սահուն տեղափոխում կապահովիի դեպի հանրակրթական ուսումնական պլանով ուսուցում և հակառակը:

Ըստ նախագծի` տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տարեկան ֆինանսավորման չափը որոշվում է մանկավարժահոգեբանական և ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմերի ամսական աշխատավարձային ֆոնդի, բարձրլեռնային բնակավայրերում տեղակայված կենտրոնների աշխատողներին տրվող լրավճարի, ինչպես նաև կենտրոնի պահպանման տարեկան ծախսերի գումարով:

2022 թվականի սեպտեմբերի 1-ից տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից սպասարկվող տարածքներում աշակերտների թվին են գումարվելու նաև կենտրոնի կողմից սպասարկվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների թիվը, իսկ 2023-ի սեպտեմբերի 1-ից՝ նաև կենտրոնի կողմից սպասարկվող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողների թիվը։

Գործող կարգով սահմանված չեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության հետ կապված անհրաժեշտ ուսումնաօժանդակ անձնակազմի հստակ ձևակերպումը և պահպանման ծախսերի հաշվարկը: Բացակայում է նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կազմում գործող մասնաճյուղերի ֆինանսավորման կարգը: