AM
5 Ապրիլ 2021 - 12:47 AMT

ԱԻՆ-ը դատախազին կներկայացնի ապաստարանների ցանկը, որոնք կվերցվեն պետհսկողության տակ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) կդիմի հանրապետության դատախազին՝ պետության հսկողության ներքո վերցնելու այն ապաստարանները, որոնք որևէ մեկի վերահսկողության տակ չեն։ Այդ մասին հայտարարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը խորհրդակցության ժամանակ, որտեղ ամփոփվել են մարտ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները:

Նախարարն առանձնացրել է առաջիկայում լուծում պահանջող խնդիրները՝ այդ թվում ապաստարանների կարգավիճակի հստակեցման վերաբերյալ: Հավելել է, որ հանրապետության դատախազին է ներկայացվելու այն ապաստարանների ցանկը, որոնք որևէ մեկի վերահսկողության տակ չեն և օրինական կարգով կվերցվեն պետության հսկողության ներքո:

ԱԻ նախարարի հրամանով կատարվող գույքագրման գործընթացն ավարտման կետում է, այն իրականացվել է 5 փուլով: Անդրանիկ Փիլոյանն ԱԻՆ և Փրկարար ծառայության ստորաբաժանումներին հանձնարարել է նյութական միջոցների հաշվառման մատյան ստեղծել:

Խորհրդակցության ընթացքում զեկույցներով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, Անձնակազմի կառավարման վարչության պետ Հասմիկ Ամիրխանյանը, Շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության պետի տեղակալ Արմեն Գևորգյանը և Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը: