AM
5 Ապրիլ 2021 - 13:28 AMT

Մակունցը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին․ Հայտարարությունները տարածաշրջանի փոփոխությունների համատեքստում են

Որևէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու մասին, նման բառ, մոտեցում չի հնչել, հայտարարությունները տարածաշրջանային վերաձևավորումների և փոփոխությունների համատեքստում են արվել, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, փոխանցում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ Թուրքիան ակնհայտ ցուց է տվել, որ ունի ոչ բարեկամական, թշնամական վերաբերմունք Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։

«Ես կարծում եմ, որ թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար՝ մտածելու հարաբերությունների հաստատման առնչությամբ: Պետք է խորքային դիտարկենք յուրաքանչյուր հայտարարություն, չհնչեցնենք այնպիսի ձևակերպումներ, որոնք չկան ենթատեքստում: Այն հայտարարությունները, որոնք հնչում են, տարածաշրջանային վերաձևավորումների և տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում են, որոնք որպես պետական պաշտոնյաներ մենք պարտավոր ենք հաշվի առնել և կայացնել որոշումներ, դիրքավորվել կամ վերադիրքավորվել: Դա բոլորովին չի նշանակում այն մեկնաբանությունը, որը հնչեցվում է»,-հայտարարել է Մակունցը։

Հայաստանում վերջին շրջանում սոցցանցերում ու մամուլում ակտիվորեն քննարկվում է «Թուրքիայի հետ բարեկամանալու կամ թշնամանալու» հարցը։ Օգտատերերի մի մասը նաև ֆլեշմոբ է սկսել՝ «Թուրքիան իմ թշնամին է» խորագրով։ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ռազմական օժանդակություն է ցույց տվել Ադրբեջանին, այդ երկրի միջամտությամբ տարածաշրջան են բերվել վարձկան-ահաբեկիչներ։