AM
5 Ապրիլ 2021 - 14:15 AMT

Երևանի 100 շենքի տանիքին արևային ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն

Երևանը կօգտագործի արևի էներգիան` բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ, հայտնում են քաղաքապետարանից։

Ծրագիրը փորձնական է և բնակիչների համար անվճար, դրանում կընդգրկվի 100 շենք: Տեղադրելուց հետո արևային կայանները դառնալու են բնակիչների սեփականությունը և կծառայեն 15-20 տարի:

«Եվրոպական Միությունը՝ Երևանի համար. արևային համայնք» ծրագիրն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում:

Ընտրվել են 9-14 հարկանի, հարթ և արևկող տանիք ունեցող շենքերը։

Քաղաքապետարանից նշում են, որ ծրագիրը դրամաշնորհային է, արժեքը՝ 1․2 մլն եվրո, որից 250 հազարը քաղաքապետարանի համաֆինանսավորումն է:

Տեղադրվող պանելները հայկական արտադրության են՝ 360 Վտ հզորության: Արտադրված արևային էներգիայի շնորհիվ կլուսավորվեն շենքերի բոլոր մուտքերը, նաև աստիճանահարթակները։ Արևային էներգիան կօգտագործվի նաև գիշերային լուսավորության համար․ ամբողջ գիշեր շենքերի բակերը լուսավոր կլինեն։