AM
6 April 2021 - 08:18 AMT

Քոչարյանը՝ Պոզների մոտ. ԼՂ-ում պատերազմի, ընտրությունների և ՌԴ հետ հարաբերությունների մասին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսասկան առաջին ալիքի «Պոզներ» հաղորդաշարին։ Նա խոսել է ՀՀ-ում սպասվող ընտրություններին մասնակցելուց, ԼՂ պատերազմից, երկրում իրավիճակից և ոչ միայն։ PanARMENIAN.Net-ը հավաքել է հարցազրույցի գլխավոր թեզերը։

Պարտությունն անսպասելի էր։ Պատերազմը՝ սպասելի ինձ համար։ Ես նաև հանրային ձևով նախազգուշացրել էի՝ հանրությանն ու երկրի ղեկավարությանը՝ մեդիայի միջոցով։ Գրեթե բոլոր փորձագետներն էին ասում, որ ՀՀ վարած քաղաքականությունն անխուսափելիորեն պատերազմի է բերելու։ Փորձագիտական մակարդակով ասվում էր, որ պատրաստ չենք, խնդիրներ կլինեն, պատերազմը ծանր է, բայց իշխանությունները դա ժխտում էին։

– Ղարաբաղյան հակամարտության հարցում փակուղին հայկական կողմի պատճառով է առաջացել։ Այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, սկսվում է պատերազմը։

– Հայաստանի վարչապետն անձամբ է պատասխանատու կատարվածի համար։

– Հայկական կողմը սկսել էր առաջ քաշել անհասկանալի պահանջներ․ սկսում ենք զրոյական կետից, 1992-ից շարունակվող բանակցություններն առաջարկվում էր զրոյացնել։ Շրջանառվեցին «Առանց Ղարաբաղի մասնակցության բանակցություններ լինել չեն կարող», «Արցախը Հայաստան է և վերջ» թեզերը։ Տպավորություն էր, թե հայկական կողմը հեռանում է առարկայական բանակցություններից։ Նրանք չէին հասկանում, որ հրահրում են․ դա պատասխանատու և դժվար բանակցություններից խուսափելու տարբերակ էր, դա փախուստ էր։

– Եթե ՌԴ նախագահի անձնական ակտիվ միջամտությունը չլիներ, ամբողջ ԼՂ-ն կարող էր անցնել Ադրբեջանի հսկողության տակ։

– Ռուսաստանը չի հրահրել այս պատերազմը, ՌԴ-ն արել է հնարավոր առավելագույնը, որ այն կանգնեցնի։ Հնարավորություն է եղել պատերազմը կանգնեցնել բոլորովին այլ դասավորվածությամբ, սակայն ՀՀ վարչապետն իր վրա այդ պատասխանատվությունը չի վերցրել, որ իրեն դավաճանության մեջ չմեղադրեն։

Ամեն ինչ չէ, որ կորած է։ Հնարավորություն կա քննարկել ԼՂ Ինքնավար մարզի տարածքում գտնված շրջանների վերադարձը։ Կարգավիճակի հարցը շատ դժվար կլինի, բայց և այստեղ կան հեռանկարներ։

– Վերջին 3 տարում հայկական Զինված ուժերի մարտունակությունը հետևողականորեն ոչնչացվել է։ 2018-ի, այսպես ասած` հեղափոխությունից հետո, նոր իշխանությունը բանակի հանդեպ վախ ու անվստահություն էր զգում։ Արցախյան պատերազմի հերոսներին վարկաբեկելու գործընթացներ էին ընթանում, ռազմական ղեկավարության կազմն էր փոխվում․ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 3 պետ փոխվեց և Արցախի բանակի 3 հրամանատար։

– Հայաստանի այսօրվա դրությունը, ընդհանուր առմամբ, թույլ չի տալիս ոչ մի սթափ դատող մարդու մտածելու ռևանշի մասին։ Բայց աշխարհը հավերժ չի կարող չափազանց անարդար լինել։ Այդ պատճառով, պետք է գտնել բոլոր կողմերին բավարարող լուծում։

– 10 տարի երկիր եմ ղեկավարել, բայց անկուսակցական եմ։ Մասնակցելու եմ ընտրություններին որպես կուսակցությունների դաշինքի ղեկավար։ Ամենայն հավանականությամբ, 2 կուսակցություն կլինի։

– Ընտրություններին իմ մասնակցությունը պառակտումը չի խորացնի։ Չեմ տեսնում մեկին, ով կկարողանա շտկել իրավիճակը։ Նախկինում ես կարողացա դուրս բերել երկիրը բարդ իրավիճակից։

– Անկասկած՝ ընտրություններին հաղթանակ եմ ակնկալում։

– Երբեք չեմ թաքցրել իմ վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ։ Իմ նախագահության ընթացքում շատ բան է արվել այդ կապերի ամրապնդման համար։ Երբեք չեմ փորձել խաղալ բոլոր երանգներով ու ճակատներում։

– Ամենամեծ սպառնալիքը գալիս է Թուրքիայից։ Սպառնալիքը գոյաբանական է, պատմական, այն ընկալելի է հայերին ու թուրքերին։ Սրանով է բացատրվում փակ սահմանը, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։ Սահմանների բացման դեպքում Թուրքիան ամեն ինչ անելու է, որ ՀՀ-ն նմանվի Աջարիային։ Դեպի Ռուսաստան մեր ուղղվածությունը նյարդայնացնում է ոչ միայն Թուրքիային, այլև ամերիկացիներին և շատ ուրիշների։