Հատուկ քննչական ծառայությունը Գլխավոր դատախազությունից ստացել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ հանցագործության մասին հաղորդումը։ Այդ մասին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, գրում է Aysor.am-ը։
«ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում», – հավելել է ՀՔԾ խոսնակը։
Օնիկ Գասպարյանը պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ՝ ՀՀ ՔՕ 308 հոդվածի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Կառավարությունը մարտի 22-ին հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին։ Մինչդեռ ավելի վաղ Վարչական դատարանը բավարարել է Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել նրա պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
Վարչականի որոշումից հետո վարչապետի աշխատակազմը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե Գասպարյանը ազատված է ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից։






