AM
6 Ապրիլ 2021 - 11:57 AMT

Ընդունելության քննությունների հայտագրումն այսուհետ ամբողջությամբ առցանց է

ԿԳՄՍՆ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանը, անդրադառնալով բուհ ընդունեության նոր կարգին, առանձնացրել է 2 հիմնական փոփոխություն։ Առաջինը՝ ընդունելության քննությունների հայտագրման եղանակն ամբողջությամբ առցանց է և երկրորդը՝ հայտագրման հիմնական և երկրորդ փուլ, որի դեպքում հայտագրվում է առաջին անգամ հիմնական մրցույթին մասնակցելու համար մեկ մասնագիտություն մեկ բուհում:

«Սա նշանակում է, որ դիմորդներն արդեն մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշած են լինում, հայտագրում են իրենց նախընտրելի մասնագիտությունը մեկ բուհում՝ դրա վճարովի և անվճար տարբերակներով։ Այնուհետև, հիմնական մրցույթին մասնակցելուց հետո, եթե առաջանում են թափուր տեղեր, հնարավորություն կա հայտագրելու ևս վեց մասնագիտություն այն նույն քննություններով, որոց համար առաջին անգամ հայտագրել էր»,- ասել է Գրիգորյանը, գրում է Panorama.am-ը:

Գնահատման և թեստվորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն իր հերթին ասել է, որ արդեն շրջել են մարզերով, հանդիպել դպրոցների տնօրեններին, ամենայն մանրամասնությամբ բացատրել հայտագրման ու ընդունելության մրցույթի կարգը:

Նա հայտնել է, որ ապրիլի 15-ին մեկնարում է գործընթացը. «Եթե դիմորդը տվյալ դպրոցի շրջանավարտ է, դիմում է իր դպրոցի տնօրենին, աշակերտին գրանցում են, գրացում են նաև քննությունները: Դպրոցում ինքը ստանում է ԳԹԿ անձնական համարը, որից հետո շրջանավարտն ինքն է որոշում՝ ինքն անձամբ է էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դիմում թեստավորման կենտրոն, թե դպրոցի օժանդակությանն է դիմելու»։

Նախորդ տարիների շրջանավարտները կարող են մասնակցել առաջին փուլի հայտագրմանն և քննություններին՝ նրանք լրացնելու են դիմում-հայտ արդեն հանրապետությունում առանձնացված դպրոցներում, ԳԹԿ-ն հրապարակել է դպրոցների ցանկը հայտարարություննրի բաժնում:

Նախկինում դիմորդները դիմում-հայտում հայտագրում էին մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտություն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 5-րդ, 6-րդ տեղերում հայտագրված մասնագիտություններով բուհ ընդունվում են շատ քիչ դիմորդներ, իսկ 7-րդ տեղից հետո հայտագրված մասնագիտություններով ընդունելություն լինում է գրեթե բացառիկ դեպքերում: Բացի դրանից՝ 8 մասնագիտություն հայտագրելը նվազեցնում է մասնագիտական կողմնորոշմամբ բուհ ընդունվելու հնարավորությունը: