AM
7 Ապրիլ 2021 - 08:53 AMT

Նախարար․ Դատական համակարգում աշխատավարձերը կբարձրացնենք

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է, որ նախատեսվում է բարձրացնել դատական համակարգի աշխատավարձերը։

Բադասյանի ներկայացմամբ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ դատական օրենսգրքի» մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

«Առաջարկը ներկայացնելուց և քննարկումից հետո պետական բյուջեում համապատասխան միջոցների նախատեսման ճանապարհով կգնանք դատական համակարգում աշխատավարձերի բարձրացման»,-ասել է նախարարը:

Նա նաև կարևորել է դրան զուգհեռ բարեվարքության ստուգման մեխանիզմներով արդյունքների արձանագրումը։

Կառավարության առաջարկներով լրամշակված փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, ինչի արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը՝ նպաստելով կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացմանը: