ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիմակ չկրելու շուրջ վեճի հետևանքով մի խումբ անձանց կողմից խանութի սեփականատիրոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքով հարուցված քրգործից անջատված մասով նախաքննությունը:
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Վանաձորի Չուխաջյան փողոցում գործող խանութում վիճաբանություն է եղել 30-ամյա տղամարդու, քննությամբ դեռևս չպարզված անձանց և խանութի սեփականատիրոջ միջև՝ առանց դիմակի խանութ մուտք գործելու շուրջ, ինչը շարունակվել է նաև խանութից դուրս՝ շենքի կողային հատվածում:
Քննությամբ պարզվել է, որ 30-ամյա վանաձորցին ընկերների հետ, դիտավորությամբ, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, խմբով, ձեռքերով ու ոտքերով, իսկ 30-ամյա տղամարդը՝ նաև քարի գործադրմամբ, անկանոն հարվածներ են հասցրել տուժողի մարմնի տարբեր հատվածներին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո տուժողին թողնելով դեպքի վայրում՝ վերջինիս կողմից շահագործվող «ԲՄՎ» մակնիշի մեքենայով դիմել են փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 6-րդ կետով (պատժվում է 5-10 տարի ազատազրկմամբ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն, միաժամանակ, դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:
Նախաքննությունն ավարտվել է, քրգործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Միջադեպին մասնակից մյուս անձանց մասով քրգործի վարույթը կասեցվել է՝ ՔՕ 31-րդ հոդվածի (Առանց մեղքի վնաս պատճառելը) 1-ին մասի 1-ին կետով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






