AM
7 Ապրիլ 2021 - 10:54 AMT

Կանանց բողոքի ակցիան՝ Կառավարության մոտ․ 15 բերման ենթարկված կա

Կառավարության շենքի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում «ՎԵՏՕ» շարժման անդամ մի խումբ կանայք, Ոստիկանությունից PanARMENIAN.Net-ին ասացին, որ ակցիայի 15 մասնակից է բերման ենթարկվել։

Ցուցարարները հավկիթներ և կարմիր մեխակներ են նետել կառավարության շենքի ուղղությամբ և փորձել են ներս մտնել։ Ոստիկանները թույլ չեն տվել և բերման են ենթարկել ակցիայի որոշ մասնակիցների, մյուսները բերման ենթարկվածների հետևից ոստիկանության բաժանմունք են շարժվում, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Բերման ենթարկվածների մեջ է նաև պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը` Մարգարիտա Պետրոսյանը։ Բերման է ենթարկվել նաև Օմարում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը` Տաթևիկ Վիրաբյանը։ Շարժվենք ոստիկանություն` մեր աջակցությունը նրանց հայտնելու»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Նոյեմբերի 10-ին պատերազմի դադարեցման հայտարարությունից հետ ՀՀ-ում պարբերաբար ակցիաներ ու բողոքի ցույցեր են իրականացվում՝ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։