Հայաստանն անգնահատելի ներդրում է ունեցել ռուսական տիեզերական ոլորտի ներուժի զարգացման գործում և այդ հսկայական ներուժը պահանջված է այսօր Երևանում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ տիեզերք մարդու առաջին թռիչքի 60-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։
Նա հիշեցրել է, որ 20-րդ դարի 30-ականներից խորհրդային աստղաֆիզիկայի ու աստղագիտության դպրոցներում ներգրավված էին Վիկտոր Համբարձումյանը, Արտյոմ Ալիխանյանը, Բենիամին Մարգարյանը, գրում է Sputnik Արմենիան։
«Գիտությունների ակադեմիայի Վ․Համբարձումյանի անվան Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը համագործակցում է մի շարք ռուսական հետազոտական կենտրոնների և ինստիտուտների հետ: Հայաստանի ու Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում աստղադիտարանը երկրամասային տարածքի մոնիտորինգ է իրականացնում: Դա կարևոր կենտրոն է ինչպես հետազոտությունների, այնպես էլ կրթության համար», – ասել է Կոպիրկինը։
Նա վստահություն է հայտնել, որ աստղագիտության, աստղաֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների ոլորտում ռուս-հայկական նախագծերն ու նախաձեռնությունները զգալի ներդրում կունենան երկու երկրի գիտական, մտավոր ներուժի զարգացման գործում:
Կոպիրկինը հիշեցրել է, որ 1961 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 09:07-ին, ԽՍՀՄ-ն ուղեծիր հանեց աշխարհում առաջին «Սպուտնիկ» տիեզերանավը, որում մարդ կար: Նա հավելել է, որ այն 108 րոպեի ընթացքում, որոնք Յուրի Գագարինն անցկացրեց տիեզերքում, փոխվեց ամբողջ աշխարհը, մարդկության պատմության մեջ սկսվեց տիեզերական դարաշրջանը:
«Մենք իրավամբ հպարտանում ենք, որ այդ հսկայական գիտատեխնիկական առաջընթացն իրականացվել է հենց ԽՍՀՄ-ում՝ մեր ընդհանուր պետությունում», – ասել է դեսպանը:
Նա նշել է, որ տիեզերքի յուրացումը մնում է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների, այդ թվում՝ Հայաստանի հետ Ռուսաստանի փոխգործակցության շատ կարևոր օբյեկտը։
2023 թվականին ՌԴ-ում նախատեսված են տիեզերագնացների առկայությամբ նոր տիեզերանավի թռիչքային փորձարկումները, ընթանում է նոր սերնդի տրանսպորտային համակարգի մշակումը, «Վոստոչնի» տիեզերակայանում ստեղծվում է ենթակառուցվածք, ծանր ու գերծանր դասի հրթիռային համալիրներ: