Զինծառայողների ապահովագրության («1000 դրամի») հիմնադրամը 44-օրյա արցախյան պատերազմից հետո ապրիլի 12-ի դրությամբ հատուցումներ է կատարում 1055 անհետ կորած զինծառայողի ընտանիքների։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը՝ նաև հայտնելով, որ վայր է դնում լիազորությունները:
Հիմնադրամն այս պահին հատուցումներ է կատարում նաև․
– 1939 զոհված զինծառայողի ընտանիքների,
– 265 ծանր վիրավորում ստացած զինծառայողի ընտանիքների:
«Վերջին պատերազմից ի վեր հիմնադրամը կարողացել է 8 միլիարդ դրամից ավելի նվիրաբերություններ հավաքագրել ավելի քան 40 երկրի մեր հայրենակիցներից ու կազմակերպություններից»,- ասվում է գրառման մեջ:
Հիմնադրամը («1000 դրամների» հիմնադրամը) սկսել է գործել 2017-ի հունվարից։ Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: Հիմնադրամի միջոցները գոյանում են գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների և նվիրատվությունների հաշվին։






