ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Ազգային ժողովի ընդունած օրենքը, որով էականորեն բարձրացվում են վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերը, և դիմել է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու հարցով:
Նշվում է, որ ԱԺ ընդունած՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը նախագահի աշխատակազմն ԱԺ-ից ստացել է մարտի 26-ին:
Օրենքով նախատեսվում է էականորեն բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված դրամական փոխհատուցման չափերը: Ընդ որում, փոփոխությունը կիրառելի է նաև զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ:
Հանրապետության նախագահն օրենքը քննարկել է լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ, լսել նրանց նկատառումներն ու դիտարկումները։ Դիտարկվել են նաև միջազգային իրավապաշտպան կառույցների արտահայտած մտահոգությունները:
Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահը մեծապես կարևորում է խոսքի և կարծիքի ազատությունը և մտահոգ է, որ, մի կողմից, նախատեսվող փոփոխություններով ոլորտում որևէ համակարգային խնդիր չի լուծվում, իսկ մյուս՝ առաջարկվող կարգավորումները կարող են էական վնաս հասցնել խոսքի և արտահայտվելու ազատությանը, զգալի սահմանափակել լրագրողի ազատությունը և լրատվամիջոցի՝ օբյեկտիվ քննադատելու, իրադարձություններն ու երևույթները, այդ թվում՝ պաշտոնյաների, հասարակական-քաղաքական գործիչների գործունեությունն անկաշկանդ լուսաբանելու հնարավորությունը։
«ՀՀ-ում կարծիքի արտահայտման ազատությունը երաշխավորված է Սահմանադրության 42-րդ հոդվածով: Յուրաքանչյուր անձի կողմից իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն ամրագրված է նաև մի շարք միջազգային փաստաթղթերում:
Վիրավորանքն ու զրպարտությունն, անկասկած, անթույլատրելի են, անընդունելի և դատապարտելի: Միևնույն ժամանակ, իրավական աղբյուրների վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ ժողովրդավարական հասարակությունում կարծիքի արտահայտման ազատության ցանկացած սահմանափակում (ներառյալ՝ օրենքով նախատեսված փոխհատուցման չափը) պետք է լինի հիմնավորված և համաչափ, փոխհատուցումը պետք է լինի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին համահունչ, իսկ փոխհատուցման կիրառումը չպետք է բացասական ազդեցություն ունենա խոսքի ազատության և հանրային հարցերի քննարկման վրա»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ օրենքն առերևույթ խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից:
ԱԺ-ն մարտի 24-ին ընդունել է ԱԽ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ներկայացրած զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը խստացնող օրինագիծը։ Վիրավորանքի համար նախատեսվում է գործող 1 միլիոնի փոխարեն մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 6 միլիոն։
Լրագրողական կազմակերպություններն դիմել էին նախագահին՝ կոչ անելով չստորագրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և այն ուղարկել Սահմանադրական դատարան։






