ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեյվիդ Հոֆմանը և դեսպանատան աշխատակիցներն այցելել են Սյունիք։ Ապրիլի 19-ին նրանց հյուրընկալել է Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը։
Դեսպանը հետաքրքրվել է Սիսիանում բնակություն հաստատած արցախցիների շրջանում տիրող տրամադրությամբ` արդյո՞ք նրանք պատրաստվում են մնալ Սիսիանում, թե վերադառնալու նպատակ ունեն: Նա հետաքրքրվել է նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում համայնքում տիրող իրավիճակով, ներկայացրել ԱՄՆ կողմից պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների աջակցմանն ուղղված աշխատանքները, և թե որքան ջանքեր են ներդրվում զոհվածների մասունքների ճանաչման և նույնականացման գործընթացում:
Դեսպանի հարցին, թե փոխվել են արդյոք համայնքի զարգացման գերակա ճյուղերը՝ տուրիզմը և գյուղատնտեսությունը, համայնքի ղեկավարը պատասխանել է, որ սահմանների անվտանգության խնդիրը ստվերում է զարգացման բոլոր ծրագրերը, եթե չկա անվտանգություն, ապա ստորադասվում են բոլոր ծրագրերը։
Նա նշել է, որ Սիսիանում բնակություն հաստատած արցախցիները երազում են իրենց հայրենիք վերադառնալ, սակայն իրենց տներն այլևս թշնամու վերահսկողության գոտում են, իսկ այստեղ համայնքը փորձում է հնարավորինս թեթևացնել նրանց բեռը: Համայնքի ղեկավարի խոսքով` այս ամենից բացի, համայնքապետարանն իր ուշադրությունը սևեռել է զոհված հերոսների ընտանիքներին, խնդիրներ, որոնք այս պահին առավել քան գերակա են:
Հոֆմանը ներկայացրել է իրենց կողմից մշակված ծրագրերը, որոնց մեծ մասն ուղղված կլինեն պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին ժամանակակից աշխատաշուկային համապատասխան գիտելիքներով ապահովելուն: Ծրագրեր են մշակվել գյուղերի, տուրիզմի զարգացման, ինչպես նաև սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, կատարելագործման համար:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը այցելել են նաև Սիսիանի «Մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամ: Հանդիպման նպատակը «Մասնակցային բյուջետավորում» ծրագրով կատարված գործողությունների և արդյունքների քննարկումն էր:






