Երթուղայինում սպանություն կատարած 57-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով (պատժվում է 8-15 տարի ազատազրկմամբ)։
Քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են երթուղային միկրոավտոբուսում սպանության մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Քննությամբ պարզվել է, որ ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, Արտաշատի 57-ամյա բնակիչը երթուղային միկրոավտոբուսի մեջ, դիմակ չկրելու հետ կապված՝ Երևանի 39-ամյա բնակչի կողմից արված դիտողության հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել տղամարդու կրծքավանդակին` դիտավորությամբ կյանքից զրկելով նրան:
Ապրիլի 20-ին տղամարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և խոստովանական ցուցմունք տվել:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






