AM
22 April 2021 - 10:58 AMT

ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն կոչ է արել Բաքվին վերադարձնել ենթադրաբար 188 հայ գերիներին

ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ գերիներին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը:

«ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին», – ասվում է գրառման մեջ։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ամբողջական հայտարարությունը։ «Կոմիտեն վերստին նշում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածը պարզորոշ մատնանշում է պահվող բոլոր անձանց փոխանակումը՝ առանց կարգավիճակի խտրականության, որը կողմերից մեկը տվել է այդ մարդկանց: Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի կողմից ենթադրաբար 188 հայերի գերեվարման հետ՝ կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին ապահովել պահվող բոլոր հայ գերիների առանց հետաձգման ազատ արձակումը եւ հանձնումը Հայաստանի իշխանությունների հոգածությանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Կոմիտեն կարծում է, որ անկախ միջազգային առաքելության ստեղծումը պատասխանատու կլինի քննելու հակամարտությունը և միջազգային իրավունքի ոտնահարումները վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ, ինչն անչափ կարևոր է հաշտեցման և իրապես խաղաղության հաստատման համար: Մշակութային ժառանգությունը կարևոր է հակամարտության բոլոր կողմերի համար, և անհրաժեշտ մեխանիզմների անհապաղ ստեղծումը դրա պաշտպանությունը և վերափոխումը ապահովելու գործում առաջնահերթություն է: Ուստի, կոմիտեն հանձնարարել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջև եղած հակամարտությունների հարցերով ենթահանձնաժողովին ավելի մանրամասն ուսումնասիրել այս երկու հարցերի կոնկրետ մեխանիզմները:

Կոմիտեն նաև կոչ է անում երկու կողմերին կառուցողաբար ներգրավվել համապատասխան միջազգային կառույցների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատանքներում այն տեսանկյունից, որ ամբողջությամբ իրականացվի եռակողմ հայտարարությունը, և սկսեն խաղաղ բանակցությունները:

ԵԽԽՎ գարնանային լիագումար նստաշրջանի օրակարգում ներառվեց «Հայ ռազմագերիների, այլ պատանդառու անձանց և ներքին տեղահանվածների» հարցը: Տեղի ունեցավ քննարկում, որը բանաձևի ընդունում չէր նախատեսում։