Ապրիլի 18-22-ը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքի մարզում էր` տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպանը հանդիպել է նաև ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունն ապահովելու ուղիները՝ ի աջակցություն Սյունիքի վերականգմանն ու զարգացմանը:
Դեսպան Թրեյսին այցելել է Սիսիան, Մեղրի, Կապան և Գորիս համայնքներ, հանդիպումներ անցկացրել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի հետ:
Հայ պաշտոնյաների հետ դեսպանը քննարկել է պատերազմի հետևանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության տրամադրումը և ներկայացրել այն աշխատանքները, որոնց միջոցով ԱՄՆ-ն շարունակում է աջակցել մարզի զարգացմանը: Մեղրիում Թրեյսին Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող Ֆերմաների սպասարկման կենտրոնում զրուցել է դեսպանության գործընկերների հետ, ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։
Կենտրոնն աջակցում է Մեղրիի ֆերմերների ավելի քան կեսին՝ նրանց համար հասանելի դարձնելով որակյալ գյուղատնտեսական պարագաներ ու ծառայություններ:
Մեղրի այցի ընթացքում դեսպան Թրեյսին հանդիպել է նաև սահմանային անցակետի ղեկավարի հետ և այցելել Սուրբ Հովհաննես եկեղեցի, որի պատմական որմնանկարները վերականգնվել են ԱՄՆ dեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» 500,000 դոլարի չափով դրամաշնորհի միջոցով:
Կապանում դեսպանը տեսակցել է Սյունիքի մարզում բնակվող ԱՄՆ կրթական ծրագրերի շրջանավարտներին։ Դեսպանն ու երիտասարդները քննարկել են վերջիններիս այցն ԱՄՆ և տրամադրություններն այս դժվարին տարվա ընթացքում։
Այցի ավարտին դեսպան Թրեյսին մեկնել է Գորիս և հանդիպել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին, համայնքի սոցիալական աշխատողներին և ԱՄՆ ՄԶԳ գործընկերներին, որոնք աջակցում են այդ ընտանիքներին և պատերազմի հետևանքով տուժած այլ անձանց: Դեսպանը վերահաստատել է հայ ժողովրդին շարունակական օգնություն տրամադրելու ԱՄՆ կառավարության հանձնառությունը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը այցելել են նաև Սիսիանի «Մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամ: Հանդիպման նպատակը «Մասնակցային բյուջետավորում» ծրագրով կատարված գործողությունների և արդյունքների քննարկումն էր:






