ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը Քննչական կոմիտեի մոտ լրագրողներին հայտնել է, որ բերման է ենթարկվել 16 անձ, բոլորը՝ Սյունիքից։ Բերման ենթարկվածերի թվում են նաև Մեղրու և Գորիսի փոխքաղաքապետերը:
«Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ինքնակամ է ներկայացել: Բոլորին այցելեցինք», – ասել է նա, գրում է Panorama.am-ը։
Նա նշել է, որ գոյություն ունեն բերման հետ կապված խնդիրներ, բերման ենթարկվածներից մեկն ասել է, որ իր հանդեպ բռնության են կիրառել, նույնիսկ հեռախոսաձայնագրել են:
Աբովյանն ասել է, որ հիմնականում բերման են ենթարկվել ժամը 7:00-8:00-ին, գրեթե բոլորը կասկածյալի կարգավիճակով մեղադրվում են Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ մասով: Նույն խմբակցության անդամ Շաքե Իսայանը հավելել է, որ բոլորի համար ձերբակալման որոշում կա:
Նա նշել է, որ բերման ենթարկվածներից մեկի մոտ կասկածվում է կորոնավիրուս, թեստ չի հանձնել:
«Մեկ անգամ արդեն շտապօգնություն կանչել են, վիճակը վատացել էր»,- ասել է Իսայանը:
Ապրիլի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերը Սյունիքի համայնքեր մեծամասամբ անցել են լարված մթնոլորտում, նրա հասցեին հնչել են վիրավորանքներ և մեղադրանքներ։ Դրանից հետո Փաշինյանը ոստիկանության և ԱԱԾ պետերին հանձնարարել է անհետաձգելի կտրուկ և հատուկ միջոցառումներ ձեռնարկել Մեղրիում և Ագարակում տեղի ունեցածի կապակցությամբ։






