AM
22 Ապրիլ 2021 - 14:56 AMT

Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է: Այդ մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Գայանե Պապոյանը:

«Մեղադրանք դեռ չկա, խոսքը կասկածանքի մասին է, խոսքը Մեղրիում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների մասին է։ Զաքարյանը ներկայացվում է, ըստ վարույթն իրականացնող մարմինների, որպես կազմակերպիչ, սակայն չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը։ Մասնավորապես՝ չի պատճառաբանվել` ինչ գործողություններ կատարելով է կազմակերպել պարոն Զաքարյանը նշված իրադարձությունները», – ասել է Պապոյանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նա հավելել է, որ Մխիթար Զաքարյանը չի ընդունում կասկածանքը:

«Զաքարյանը որևէ առնչություն չունի իրեն մեղսագրված կասկածանքի հետ», – հայտարարել է փաստաբանը` նշելով նաև, որ ձերբակալման իրավաչափությունը կբողոքարկվի:

Մեղրիի համայնքապետին ապրիլի 22-ին հրավիրել էին Քննչական կոմիտե վարչապետի ապրիլի 21-ի բողոքի ակցիաների գործով։ Խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով քրեական գործը հարուցվել է ապրիլի 21-ին՝ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաներից հետո։