AM
23 Ապրիլ 2021 - 11:00 AMT

Թույլ մի տվեք խաղացողներին ձեր բարոյականությունը փոխարինել սեփականով

Անկախ պատերազմից ու պարտությունից, թալանից ու թալանի բացակայությունից, ամեն անգամ, երբ Հայաստանում տեղի է ունենում ինչ-որ բան, իշխանության ու ընդդիմության մոտ միանում է դիմացինին ձեր աչքերում սխալ ու անբարո, իսկ իրենց՝ սուրբ նահատակ հանելու ռեժիմը։ Օրինակներն անհաշվելի են։ Այսպես․

Նրանք, ում համար տարիներ ի վեր «օքեյ էր» Սուրիկ Խաչատրյանի ստեղծած մթնոլորտի գոյությունը, սուր բողոքում են, երբ բռնություն է գործադրում Փաշինյանի իշխանությունը։ Իշխանականները, որոնք «օքեյ են» ընդդիմադիր կանանց հայհոյելու ու վիրավորելու հետ, մեկ էլ, չգիտես նեղվում են, երբ հայհոյում են Փաշինյանին։ Ընդդիմությունն էլ, որ լուռ էր, երբ հայհոյում ու նվաստացնում էին իշխանության անդամների հարազատներին, վիրավորվում է, երբ նույն անում են իր հասցեին։ Ում համար անտանելի էր ոստիկանության բռի պահվածքը մինչև 2018-ը, այժմ ողջունում ու պահանջում են ստորացնելով բերման ենթարկել սյունեցի ընդդիմադիրներին։ Իսկ «ԷլեկտրիկԵրևանի» ու Սասնա Ծռերի օգտին մարդկանց ծեծուջարդը սուս-փուս մարսածները վրդովվում են ներկա ոստիկանության կողմից բռնություն գործադրելուց։

Ու նման անվերջ ցուցակ, երբ «սևերն» ու «սպիտակներն» անտեսում են սեփական դաշնակիցների մեղքերն ու թմբկահարում դիմացիններինը, երբ չեն կատարել կամ կատարում սեփական պարտականությունները, բայց պահանջում են նույնը դիմացիններից։

Արդարադատության, և, ինչու ոչ՝ ավելի լայն իմաստով նաև ամբողջ իրավապահ համակարգի աչքերը կապած են, որպեսզի նա բաշխի մեղավորին իր բաժին պատիժն անկախ նրանից՝ սև է, թե սպիտակ, ընդդիմադիր, թե իշխանություն։ Հայաստանում դա չի եղել մինչև 2018-ը, չի եղել և հետո, ու ոչ միայն իշխանության այդքան չսիրած դատական իշխանության, այլև իր տոտալ վերահսկողության տակ գտնվող ուժայինների և իր իսկ ներկայացուցիչների կողմից։ Սակայն նախկինում քաղաքացին, գոնե, ուներ «դաշնակից? ի դեմս կիսանկախ քաղհասարակության, որն արձագանքում էր այս թե այն առիթով։ Այժմ այդ զգալի մասը դավաճանել է իր քաղաքացուն ու նայում է աշխարհին իշխանության աչքերով, իսկ զուգահեռ աճել է մեկ այլը, որի շուրթերով խոսում է նախկին իշխանությունը։

Քաղաքացին մնացել է մենակ։

Ի՞նչ անել սրա հետ․ տո՝ ոչինչ, բացի հիշողությունը մարզելուց, սեփական խելքով մտածելուց ու սեփական զգայարաններով զգալուց։