Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները բացահայտել են պաշտպանության նախարարության աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպք՝ զինապարտ քաղաքացուն ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների բացակայության պայմաններում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար:
Քաղաքացի Ռ.Կ-ն 2 անգամ ստանալով զորակոչից տարկետման իրավունք, 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության պայմաններում, վերջին` 3-րդ անգամ, 2021-ի ձմռանը բուժզննությունն առանց խնդիրների անցնելու և զինծառայությունից ազատվելու և պահեստազորում հաշվառվելու նպատակով, դիմել է իր ազգականի ծանոթին՝ ՊՆ աշխատակից Խ.Դ-ին։ Նա խոստացել էր լուծում տալ հարցին՝ որպես կաշառք պահանջելով 1,574,940 դրամին համարժեք 3000 դոլար:
Խ.Դ-ն իրականացրել է իր լիազորություններից բխող ակնհայտ ապօրինի գործողություններ, ինչի արդյունքում ռազմական դրության պայմաններում Ռ.Կ-ն ազատվել է զորակոչից, որից հետո այլ անձի օժանդակությամբ ձեռնամուխ է եղել 3000 դոլարը ՀՀ բանկերից ձեռք բերելու և պաշտոնատար անձին տալու իրականացմանը:
Ապրիլի 20-ին, ժամը՝ 23:30-ին, Ռ.Կ-ի կողմից, այլ անձի միջոցով կաշառքի առարկա 3000 դոլարը պաշտոնատարին տալուց հետո հայտնաբերվել և բերման են ենթարկվել: Հայտնաբերվել է կաշառքի առարկա 3000 դոլարը, պարզվել են կատարված հանցագործությանը առնչություն ունեցած անձանց ինքնությունները, ովքեր բերման են ենթարկվել Սյունիքի մարզային վարչություն ու ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննությունների ժամանակ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






