Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը վայր է դնում մանդատը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«2,5 տարի առաջ ստանձնեցի Երևանի ավագանու անդամի մանդատս։ Այս ընթացքում ուժերիս ներածին չափով փորձել եմ այնպես անել, որ երևանցու կյանքն ավելի լավը դարձնեմ։ Ավաղ, այն ինչ կատարվում է մեր երկրում վերջին 3 տարվա ընթացքում՝ բոլորիս է հայտնի և ակնկալել, որ քայլականների հետ հնարավոր էր որևէ հաջողության հասնել՝ սին հույսեր էին։
Իսկ ահա վերջին յոթ ամսվա խայտառակ իրողություններն ինձ համար այլևս անհնարին դարձրեցին այս անպատասխանատուների հետ որևէ բան քննարկելը, աշխատելը, նիստերին մեկ դահլիճում գտնվելը, դա իմ սկզբունքներին հակասում է։ Ես վայր եմ դնում Երևանի ավագանու անդամի մանդատս»,-ասվում է գրառման մեջ։
Առաքելյանը շնորհակալություն է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը վերջին 2,5 տարվա ունեցած համագործակցության և վստահության համար և ԲՀԿ-ին հաջողություն մաղթել առաջիկա խորհրդարանական ընտրություններում։






