Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) ներկայացուցիչները քննարկել են ռազմավարական մի շարք ուղղություններ, 2021-ին իրականացվելիք ծրագրեր:
Մասնավորապես, նշվել է, որ Հայաստանը շուտով կունենա վերարտադրողական առողջության նոր ռազմավարություն: Հաշվի առնելով ոլորտում կատարված փոփոխությունները` Ավանեսյանը նշել է, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող բուժօգնությունից օգտվել ցանկացող քաղաքացիները շատ են, ու պետությունն ամեն ինչ անում է ծրագիրն ընդլայնելու համար:
Մասնավորապես, նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծրագրից կարող են օգտվել նաև զոհված զինծառայողների ընտանիքները:
Անդրադառնալով ժողովրդագրական ցուցանիշներին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ դրանց վրա էական ազդեցություն է ունեցել ոչ միայն պատերազմը, այլև` համավարակը:
Հետպատերազմյան շրջանում հանրության մոտ կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ առաջացած անտարբերությունը ուշացած, նաև մահվան դեպքերի առիթ է դառնում:
Այս համատեքստում Ավանեսյանը կարևորել է Covid-19-ի դեմ պատվաստումների դերը, քանի որ այդպիսով միայն հնարավոր կլինի կոտրել համավարակի շղթան ու նվազեցնել մահվան ցուցանիշները, գոնե համավարակի առումով:
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը ռազմավարական մի շարք ուղղություններում, որտեղ առանձնակի կկարևորվեն հոգեկան առողջության և ծերերի առողջության պահպանմանն ուղղված հարցերը:






