AM
29 Ապրիլ 2021 - 13:25 AMT

Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում Վեհափառ Հայրապետը կհանդիպի թեմակալ առաջնորդի և թեմական խորհրդի հետ։ Նա հանդիպումներ կունենա նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Նախատեսվում են այլ անձանց և կազմակերպությունների հետ հանդիպումներ, որոնց ընթացքում կարծարծվեն արցախյան երկրորդ պատերազմի պատճառած հետևանքների և առկա մարտահրավերների հետ առնչված հարցեր։

Ամենայն Հայոց կաթողիկոսի հատուկ տնօրինությամբ Էջմիածնի հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ։

Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետի հետ լինելու են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։