AM
1 Մայիս 2021 - 11:06 AMT

Շենգավիթի թաղապետ․ Մի մարդ կանգնեցրեց մեքենան՝ ասաց, որ վիրավոր է, խնդրեց փրկել կյանքը

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով «Թոխմախ» գերեզմանատան մոտ հրազենի կիրառմամբ քրեական միջադեպին, պարզաբանել է, թե ինչ հանգամանքներում են ինքն ու Մալաթիա-Սեբաստիա վ/շ ղեկավարը վիրավորներից մեկին հասցրել հիվանդանոց։

«Shamshyan.com-ի հաղորդմամբ, ապրիլի 30-ին Երևանի քաղաքային («Թոխմախ») գերեզմանատան մոտ քրեական միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվածք ստացած անձանցից մեկին հիվանդանոց ենք տեղափոխել ես և Մալաթիա-Սեբաստիա վ/շ ղեկավար Դավիթ Կարապետյանը:

Թյուրընկալումներից խուսափելու համար տեղեկացնեմ, թե ինչ է տեղի ունեցել: Երեկ երեկոյան՝ աշխատանքային հանդիպումից հետո, Դավիթ Կարապետյանի հետ, նրա մեքենայով Նոր Նորքից վերադառնում էինք: Դավիթ Բեկ փողոցում մեքենան կանգնեցրեց մի մարդ, ով, դատելով տեսքից, լավ վիճակում չէր ու օգնության կարիք ուներ: Քաղաքացին ասաց, որ վիրավորված է և խնդրեց փրկել իր կյանքը: Բնականաբար, նրան շտապ տեղափոխեցինք մոտակա հիվանդանոց»,-ասվում է գրառման մեջ։

Մկրտչյանը հույս է հայտնել, որ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, և նրա (ինչպես նաև ըստ մամուլի՝ մյուս վիրավորների) առողջությունը շուտ կվերականգնվի:

«Հորդորում եմ քաղաքացիական պարտքի և մարդկային բնական վերաբերմունքի դրսևորումը չտեղափոխել ենթադրությունների, առավել ևս շահարկումների տիրույթ»,-ասվում է գրառման մեջ։

Ըստ Shamshyan.com-ի, մայիսի 1-ին, մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում՝ «Թոխմախ» գերեզմանատան մոտ ։ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքներով 3 քաղաքացի, 1 հոգի էլ՝ դանակահարված։ դեպքի վայրը։ Ոստիկաններին հաջողվում է հայտնաբերել մարտաֆիլմ հիշեցնող դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, ավտոմատ, ատրճանակ, կրակված պարկուճներ։