«Հայրենիք» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կուսակցությունը որոշել է մասնկցել հնարավոր խորհրդարանական արտահերթ ընտրություններին և սկսել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու գործընթացը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Հաշվի առնելով ՀՀ առջև ծառացած աշխարհաքաղաքական և ներքաղաքական մարտահրավերները,
Հիմք ընդունելով այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող աղետաբեր և պարտվողական վարչախմբին րոպե առաջ հեռացնելու հրամայականը, Առաջնորդվելով հանուն հայրենիքի պայքարը համագործակցային մթնոլորտում կազմակերպելու վճռականությամբ և ազգային ուժերի հետ գործակցելու պատրաստականությամբ,
Արձանագրելով, որ «Հայրենիք» կուսակցությունն իր անզիջում ու արմատական պայքարով ճանապարհ է բացել նաև գաղափարական և ազգային այլ ուժերի համար,
Եվ վերջապես՝ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ սա պայքար է՝ հանուն անվտանգ ու արժանապատիվ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ապագայի՝ «Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշեց՝
Մասնակցել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սկսել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու գործընթացը»:
Նշվում է նաև, որ արձանագրելով, որ ճգնաժամային այս իրավիճակում «աղետաբեր և պարտվողական վարչախմբի դեմ ազգային լայն համախմբումը կենսական անհրաժեշտություն է»։ «Համոզված ենք, որ ի դեմս այս դաշինքի՝ իրագործելու ենք մեր ազգի և ժողովրդի կամքն ու երազանքը»,-ասվում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստից հետո հայտարարվեց, որ ՀՀԿ-ն ու ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու են դաշինքով։ Դաշինքների համար խորհրդարան անցողիկ շեմը 7% է։






