Ազգային ժողովի իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նիսում կարծիք է հայտնել, որ Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած զինվորներին, արձակուրդից զատ, խրախուսելու ինչ-որ մեխանիզմ է պետք գտնել։
Ըստ նրա՝ դա պետք է արվի ծառայության կարգի մեջ որոշ փոփոխությունների միջոցով։ Նա նշել է, որ զինծառայողների ծնողների շրջանում կարծիք կա, թե եթե զորակոչից խուսափածների համար հնարավոր է համաներում հայտարարել, ապա կարելի է խրախուսելու, ինչ-որ ձև գտնել նաև մասնակիցների համար։
«Ծնողներն ասում են, որ կարելի է մտածել պատերազին մասնակցածներին ոչ թե արձակուրդի ձևով խրախուսելու, այլ ծառայության մեջ փոփոխություններ նախատեսելու ուղղությամբ», – ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ կարելի է մտածել այդ հարցի շուրջ։
Նախատեսվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից եւ զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:






