Հայաստանի հանրային վայրերում շուտով կգործեն փոքր բուժկետեր, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստումները բնակիչների համար ավելի հասանելի կդարձնեն։ Այդ մասին հայտարարել է ամերիկահայ վիրաբույժ, հանրային առողջության մասնագետ Շանթ Շխրտումյանը։
Նա ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակում փորձի փոխանակում է իրականացնում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Լինի հրապարակ, խոշոր առևտրի կենտրոն, թե փողոց, շուտով կգործեն բուժկետեր: Դրանք կօգնեն, որ բնակիչներն առանց դժվարությունների, խնդիրների ստանան իրենց պատվաստումները: Պատվաստումների հետ կապված բոլոր անհրաժեշտ գործընթացները, որոնք արվում են պոլիկլինիկաներում, կարվեն նաև բուժկետերում»,- ասել է Շխրտումյանը:
Թե հատկապես որ հասցեներում են տեղակայվելու այդ բուժկետերը, առողջապահության նախարարությունը պատրաստվում է ցանկը հրապարակել մայիսի 5-ին։
Շխրտումյանի խոսքով` Հայաստանում պատվաստումների գործընթացը միջազգային միտումներից հետ է ընկնում: Աշխարհի բնակչության 7 տոկոսն արդեն պատվաստվել է, կան երկրներ, օրինակ` Իսրայելը, որտեղ բնակչության պատվաստումների ցուցանիշը մոտ 60 տոկոսի է հասնում:
«Այսօր Հայաստանում 4,500 մարդ է պատվաստվել, ինչը ցածր ցուցանիշ է: Թեպետ ասեմ, որ վերջին շրջանում ակտիվ իրազեկման աշխատանքներն իրենց ազդեցությունը տալիս են, և պատվաստումների գործընթացի ակտիվություն է նկատվում»,- ասել է Շխրտումյանը:
Եթե պատվաստումների գործընթացն ակտիվ ընթանա, ըստ մասնագետի՝ մահացության ռիսկը նկատելի կկրճատվի: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստման արդյունքում ստացված օգուտները մի քանի հարյուր անգամ ավելի շատ են, քան ռիսկերը:
Հայաստանում պատվաստումներն իրականացվում են «Սպուտնիկ V» և AstraZeneca պատվաստանյութերով։ Չինաստանից Հայաստան է ներկրվել «Կորոնավակ» պատվաստանյութի 100,000 դեղաչափ` 50,000 անձի համար, որով կարող են պատվաստվել 18 տարին լրացած բոլոր ցանկացողները։